Վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ անվճար կամ արտոնյալ պայմաններով իրականացվող բժշկական օգնություն և սպասարկում

Ծրագրի մասին

Պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով կարող է իրականացվել՝

  • անպտղության պատճառագիտության ախտորոշում և բուժում,
  • մինչ օժանդակ սերմնավորումն ու արտամարմնային բեղմնավորումն իրականացվող պարտադիր հետազոտություններ,
  • ամուսնու կամ դոնորական սերմով օժանդակ սերմնավորման փորձեր առավելագույնը 6 դաշտանային ցիկլի ընթացքում,
  •  արտամարմնային բեղմնավորման իրականացման մեկ փորձ, հավելյալ սաղմերի ստացման դեպքում 2 կրիոտոպի սառեցում` մինչև 6 ամիս պահպանմամբ,
  • ապասառեցված սաղմերի 2 հավելյալ տեղադրում արգանդի խոռոչ,
  • արտամարմնային բեղմնավորման երկրորդ փորձ հետևյալ ծավալներով` մինչ արտամարմնային բեղմնավորումն իրականացվող պարտադիր հետազոտությունները, արտամարմնային բեղմնավորման երկրորդ փորձի ձվարանների ձվազատման խթանման փուլը և «լյուտեինային փուլին» աջակցումը կամ ձվաբջիջների արտածծումը, բեղմնավորումը, սաղմերի սառեցումը, արգանդի խոռոչ տեղափոխումը, ինչպես նաև` ապասառեցված սաղմերի 2 հավելյալ տեղադրումն արգանդի խոռոչ:
  • Արտամարմնային բեղմնավորման երկրորդ փորձի` պետության կողմից չփոխհատուցվող փուլերից յուրաքանչյուրի արժեքը շահառուի կողմից վճարվում է պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով փոխհատուցվող բժշկական ծառայությունների գներին համարժեք: 

Ներկայացվող պահանջներ

Ծրագրից կարող են օգտվել`

  • 2 տարի և ավելի անպտղություն ունեցող (բացարձակ ցուցումների դեպքում՝ առանց 2 տարվա սահմանափակման) անզավակ կանայք, որոնք պատկանում են 20-40 (ներառյալ) տարիքային խմբին:
  • 28-42 (ներառյալ) անզավակ կանայք:
  • 1 երեխա ունեցող` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ամուսնությունը գրանցած, 2 տարի և ավելի երկրորդային անպտղություն ունեցող (բացարձակ ցուցումների դեպքում՝ առանց 2 տարվա սահմանափակման) զույգերը, որոնցից կինը պատկանում է 20-36 (ներառյալ) տարիքային խմբին:
  • Զինվորական ծառայության ընթացքում կամ զինվորական ծառայության ավարտից հետո զինվորական ծառայության հետ կապված պատճառական կապով զոհված (մահացած) որդու` Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող կամ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված, փախստականի կարգավիճակ ունեցող ծնողները: Կնոջ տարիքը սահմանվում է մինչև 42 տարեկանը:
  • 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ժամանակ անհայտ կորելու հետևանքով դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված, ինչպես նաև` սույն կետում նշված հանգամանքներում ստացած վնասվածքի, խեղման կամ ձեռք բերած հիվանդության հետ պատճառական կապով հետագայում մահացած զավակի ծնողները:

Պահանջվող փաստաթղթերը

1)դիմում,

2) կնոջ, տղամարդու` անձնագիր, նույնականացման քարտ,

3) նախատեսված պահանջներին համապատասխան՝ դիմումատուի կարգավիճակը հավաստող փաստաթղթեր,

4) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված ամուսնության մեջ գտնվելու փաստը հավաստող փաստաթուղթը (ամուսնության վկայական` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված ամուսնության մեջ գտնվելու դեպքում): Իսկ մեկ երեխա ունեցող(երկրորդային անպտղություն) զույգերի դեպքում ամուսնության վկայական ներկայացնելը պարտադիր պայման է,

5) էպիկրիզ (բժշկական փաստաթղթեր) նախկինում կիրառված հետազոտման մեթոդների ու վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման մասին` տրված պացիենտի բուժօգնությունն իրականացրած բժշկական հաստատության կամ տարածքային սպասարկման կանանց կոնսուլտացիայի կողմից (եթե կինը մինչև դիմելը հետազոտվել և (կամ) անպտղության կապակցությամբ ստացել է բժշկական օգնություն),

6) Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված, ժամանակավոր պաշտպանության տակ վերցված, փախստական ճանաչված շահառուների համար` կարգավիճակը հավաստող փաստաթուղթ:

Տրամադրման կարգը

Ծրագրում ներգրավվելու համար քաղաքացին իր ընտրությամբ կարող է դիմել 9 բժշկական կազմակերպությունից որևէ մեկին`

1. ««Մարգարյան ծննդատուն» մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն» ՓԲԸ:

2. «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲԸ:

3. «Շենգավիթ» ԲԿ:

4. «Աստղիկ» ԲԿ:

5. «ԱՅ ՎԻ ԷՖ ԼԱՅՖ վերարտադրողական կենտրոն»  ՍՊԸ:

6. «Ֆերթիլիթի Սենթր օֆ Արմենիա» ՍՊԸ:

7. «Վիտրոմեդ» ՍՊԸ:

8. «Գյումրու» ԲԿ ՊՓԲԸ (միայն հետազոտություններ և օժանդակ սերմնավորում):

9. « Մարտունու ծննդատուն» (միայն հետազոտություններ և օժանդակ սերմնավորում)

Վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնություն և սպասարկում ստանալու համար քաղաքացիների դիմումների մուտքագրումն ու հերթագրումն իրականացվում է ըստ դիմելիության ժամկետի` առողջապահական էլեկտրոնային համակարգի միջոցով այն կազմակերպության կողմից, որին դիմել է շահառուն:

Հղում օրենսդրությանը

ՀՀ կառավարության 2015 թվականի մայիսի 27-ի «Անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման կարգն ու շահառուներին ներկայացվող պահանջները սահմանելու մասին» թիվ 568-Ն որոշում:

Ո՞վ կարող է դիմել

ՀՀ քաղաքացի հանդիսացող կամ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված, փախստականի կարգավիճակ ունեցող  անզավակ կանայք կամ 1 երեխա ունեցող` ՀՀ քաղաքացի հանդիսացող կամ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված, փախստականի կարգավիճակ ունեցող, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ամուսնությունը գրանցած զույգերը

Ծառայության արժեքը

Անվճար և արտոնյալ