«Պատշաճ արտադրական գործունեության» կանոններին համապատասխանության հավաստագրում
Պատշաճ բաշխման գործունեությունը որակի ապահովման համակարգի բաղադրիչ է, որը բաշխման գործընթացում իրականացվող գործողությունների համապատասխան հսկողության միջոցով երաշխավորում է արտադրանքի հաստատուն որակը, ինչպես նաև միջոց է բաշխման շղթա կեղծ, չգրանցված, անօրինական ներմուծված, գողացված, անորակ, չհայտարարագրված բաղադրատարրեր պարունակող և (կամ) սխալ մակնշված արտադրանքի ներթափանցումը կանխելու համար:
Պահանջներ
ՀՀ առողջապահության նախարարությունը (ՀՀ ԱՆ) դեղերի մեծածախ իրացման լիցենզիա ստացած մատակարարին տրամադրում է «Պատշաճ բաշխման գործունեության» (ՊԲԳ) հավաստագիր` ՀՀ ԱՆ Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի (այսուհետ՝ Կենտրոն) մասնագիտական դիտարկման հաշվետվության հիման վրա: Հետևաբար, մինչև ՊԲԳ հավաստագիր ստանալու հայտը ՀՀ ԱՆ ներկայացնելը, անհրաժեշտ է դիմել Կենտրոն` դիտարկում իրականացնելու և հաշվետվություն տրամադրելու նպատակով: Մասնագիտական դիտարկումների ծախսերը փոխհատուցում է հայտատուն՝ կողմերի միջև օրենքով սահմանված կարգով կնքված պայմանագրի հիման վրա:
ՊԲԳ հավաստագիրը տրվում է դեղերի մեծածախ իրացման լիցենզիայի ներդիրում նշված գործընթացների համար առավելագույնը հինգ տարի ժամկետով՝ ըստ մասնագիտական դիտարկումների արդյունքների գնահատման: Լիցենզիա ստանալուց հետո` առաջին երեք տարվա ընթացքում, դեղերի մեծածախ իրացման լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի մոտ մասնագիտական դիտարկումներն իրականացվում են ամեն տարի, այնուհետև` երկու տարին մեկ, բացառությամբ այն դեպքերի, երբ ՊԲԳ հավաստագիրը տրված է ավելի երկար ժամկետով: Հավաստագրի ժամկետը հաշվարկվում է դիտարկման վերջին օրվանից:
ՊԲԳ հավաստագիր տալու համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով և չափով:
Անհրաժեշտ փաստաթղթեր
- Հայտ:
- ՊԲԳ դիտարկման հաշվետվություն՝ տրված Կենտրոնի կողմից:
- Պետական տուրքի վճարման փաստը հավաստող փաստաթուղթ:
Տրամադրման կարգ ու ժամկետներ
Հայտը մուտքագրելուց 5 աշխատանքային օրվա ընթացքում արձակվում է հրաման հավաստագիր տրամադրելու կամ դրա տրամադրումը մերժելու մասին:
Նախարարի հրամանն ընդունվելու օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում նախարարության կողմից մատակարարին տրամադրվում է հաստատված ՊԲԳ հավաստագիրը, կամ ՊԲԳ հավաստագրի տրամադրումը մերժելու մասին նախարարի հրամանը:
Հավաստագիրը տրամադրվում է մեկ օրինակից՝ հայերեն և անգլերեն լեզուներով:
Հղում օրենսդրությանը
«Դեղերի մասին» ՀՀ օրենք https://www.arlis.am/hy/acts/218651/latest
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք https://www.arlis.am/hy/acts/221901/latest
ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի N 156-Ն որոշում https://www.arlis.am/hy/acts/200597/latest
ՀՀ ԱՆ 2017 թվականի մայիսի 17-ի N 24-Ն հրաման
https://www.arlis.am/hy/acts/113716/latest
ՀՀ ԱՆ 2020 թվականի հունվարի 16-ի N 01-Ն հրաման
https://www.arlis.am/hy/acts/138494/latest
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ առողջապահության նախարարություն
ՀՀ ԱՆ Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն