Արտահիվանդանոցային պայմաններում ցուցաբերվող մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնության և սպասարկման ծառայություն

Ծրագրի մասին

Արտահիվանդանոցային մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնության և սպասարկման շրջանակում իրականացվում է.

  • Հղիների, այդ թվում՝ բարձր ռիսկի խմբի հղիների և ծննդկանների հսկողություն:
  • Կանանց գինեկոլոգիական բժշկական օգնության և սպասարկման ապահովումը, կանխարգելիչ հետազոտումն ու բուժումն` առանց այցելությունների թվի սահմանափակման և դեղերի տրամադրում` ՀՀ կառավարության 2019 թվականի մաիսի 30-ի N 642-Ն որոշմամբ սահմանված կարգով:
  • Դեռահաս աղջիկների ֆիզիկական և սեռական հասունացման գնահատումը, պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության և սպասարկման շրջանակում իրականացվող հետազոտությունների իրականացում:
  • ՔԿԱԳ մարմիններում ամուսնությունը գրանցած զույգերի հղիության պլանավորման նպատակով խորհրդատվության և հետազոտությունների իրականացում:

Ներկայացվող պահանջները

Ծառայությունից կարող են օգտվել.

  • ՀՀ քաղաքացիություն ունեցող կանայք և դեռահաս աղջիկները (ամբողջական ծավալ):
  • ՀՀ քաղաքացու հետ գրանցված ամուսնության մեջ գտնվող կանայք (նախածննդյան հսկողության, ծննդալուծման և հետծննդյան շրջանում):
  • ՀՀ քաղաքացի չհանդիսացող կանայք միջազգային կամ միջպետական համաձայնագրերի (պայմանագրերի) դրույթներին համապատասխան:
  •  ՀՀ-ում փախստականի և ապաստան հայցողի կարգավիճակ ունեցող հղի կանայք:

Պահանջվող փաստաթղթերը

  • Անձը հաստատող փաստաթուղթ:
  • ՀԾՀ:

Տրամադրման կարգը

Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակում արտահիվանդանոցային մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացվում է արտահիվանդանոցային բժշկական կազմակերպություններում (ԱԱՊ, առողջության կենտրոններ, կանանց կոնսուլտացիաներ) և հիմնականում իրականացվում է կցագրված բնակչության սպասարկման սկզբունքով:

Յուրաքանչյուր բնակիչ իր բնակավայրի վարչական տարածքի շրջանակում իրեն սպասարկող բժշկին` մանկաբարձ-գինեկոլոգին, ընտրելու իրավունք ունի ընտրված բժշկական կազմակերպությունում` ստանալով բժշկական օգնություն և սպասարկում միայն նախածննդյան և հետծննդյան հսկողության առումով: Իրականացվում է կանանց կոնսուլտացիայի մանկաբարձ-գինեկոլոգի և մանկաբարձուհու (գյուղական բնակության վայրերում, նաև` ընտանեկան բժշկի, մանկաբարձուհու կամ վերապատրաստված բուժքրոջ) կողմից, ըստ բժշկական ցուցումների`  ընդգրկելով այլ մասնագետների, կազմակերպելով նաև լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների իրականացման գործընթացը:

Հղում օրենսդրությանը

ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման մասին» N 318-Ն որոշում:

ՀՀ Առողջապահության նախարարի 2020 թվականի հունվարի 22-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակում արտահիվանդանոցային պայմաններում ցուցաբերվող մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման ընթացակարգը, արտահիվանդանոցային բժշկական կազմակերպություններում տասնհինգ տարեկան աղջիկների հետազոտման ծավալը և իրականացման մեթոդաբանությունը հաստատելու մասին» թիվ 198-Լ հրաման:

Ո՞վ կարող է դիմել

Կանայք և դեռահաս աղջիկները 

Ծառայության արժեքը

Անվճար