Հնարավորություն է ստեղծվում աջակցելու հետպատերազմյան շրջանում որդեկորույս ծնողներին

օգոստոսի 22, 2025

«Անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման  կարգն ու շահառուներին ներկայացվող պահանջները սահմանելու մասին» կառավարության որոշման փոփոխություններն այսօր ընդունվեցին: Այն միտված է Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքները մեղմելուն, պատերազմի ընթացքում և դրա ավարտից հետո մարտական գործողություններին մասնակցության հետ կապված պատճառական կապով զոհված (մահացած) որդու ծնողներին վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բուժօգնություն տրամադրելուն, նրանց իրավունքներն օրենսդրորեն  սահմանելուն և դրանց իրականացման գործընթացի հետ կապված հարաբերությունները կարգավորելուն:

Ըստ նոր կարգավորումների` նախագծով սահմանվել է շահառուների նոր խումբ` 2020 թվականի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում կամ ավարտից հետո մարտական գործողություններին մասնակցության հետ կապված պատճառական կապով զոհված (մահացած) որդու ծնողները: Նրանց նկատմամբ հանվել են անզավակ լինելու, օրենքով սահմանված կարգով ՔԿԱԳ մարմիններում գրանցված լինելու, ամուսիններից մեկի ՀՀ քաղաքացի լինելու և կնոջ 42 տարեկանը լրացած չլինելու հիմնական և լրացուցիչ պայմանները, հաշվի առնելով, որ Արցախյան երկրորդ պատերազմում զոհվածներից ոչ բոլորն են հանդիսացել զինծառայող կամ պահեստազորային, իսկ նրանց ծնողները հիմնականում ունեն այլ զավակ (ներ) կամ մոր տարիքը գերազանցում է 42-ը, ինչը սահմանափակում էր մեկ և ավելի զավակ ունեցող, 42 տարեկանից մեծ և զինծառայող չհանդիսացած զոհված անձանց ծնողների` պետական պատվերի շրջանակներում վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ ծառայություններից օգտվելու հնարավորությունը:

Այս քայլով հնարավորություն է ստեղծվում աջակցելու հետպատերազմյան շրջանում որդեկորույս ծնողներին: Այսպիսով` սահմանվել է շահառուների նոր խումբ, վերացվել են գործող որոշմամբ սահմանված հիմնական և լրացուցիչ պահանջները, հնարավորություն տալով Արցախյան պատերազմի ընթացքում որդեկորույս ծնողներին` ցանկության և բժշկական հակացուցումների բացակայության դեպքում օգտվելու վերարտադրողական օժանդակ տեխնելոգիաներով մատուցվող ծառայություններից: