ՀՀ-ում հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող անվճար և արտոնյալ բժշկական ծառայություններ

օգոստոսի 19, 2025

Հաշմանդամություն ունեցող` ֆունկցիոնալության խորը (1-ին խումբ), ծանր (2-րդ խումբ)  և միջին (3-րդ խումբ) աստիճանի սահմանափակումով անձինք օգտվում են անվճար կամ արտոնյալ պայմաններով արտահիվանդանոցային (հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ, անվճար պայմաններով դեղերի տրամադրում, ստոմատոլոգիական բժշկական օգնություն) և հիվանդանոցային բժշկական օգնության, այդ թվում` նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող բժշկական ծառայությունների հետևյալ ծավալներից:

Արտահիվանդանոցային բժշկական օգնություն

1) Առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) գործառույթ իրականացնող բժշկի (տեղամասային թերապևտ, մանկաբույժ, ընտանեկան բժիշկ) խորհրդատվություն և բուժում,

2) ըստ բժշկական ցուցումների ԱԱՊ բժշկի ուղեգրմամբ նեղ մասնագետների` ակնաբույժի, քիթ-կոկորդ-ականջաբանի, սրտաբանի, նյարդաբանի, վիրաբույժի կողմից իրականացվող բժշկական օգնություն (մատուցվող ծառայությունների ծավալը հաստատում է լիազոր մարմինը),

3) լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ (ցանկը հաստատում է լիազոր մարմինը), 

4)ամբուլատոր-պոլիկլինիկական դիսպանսերային (շարունակական հսկողություն իրականացնող) մասնագիտական խորհրդատվություններ՝ վարակաբանական, ուռուցքաբանական, ներզատաբանական, մաշկավեներաբանական, հոգեբուժական/նարկոլոգիական, հակատուբերկուլոզային,

5)տնային պայմաններում բժշկի նշանակմամբ բուժքրոջ կողմից կատարվող միջամտություններ (վիրակապություններ, միջմկանային, ներերակային ներարկումներ և այլն):

Հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ

Հաշմանդամություն ունեցող անձանց պետության կողմից երաշխավորված հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունները կազմակերպվում են բժշկական ցուցումների առկայության դեպքում` ԱԱՊ բժշկի ուղեգրմամբ` Առողջապահության նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 53-Ն հրամանի համաձայն:

Անվճար պայմաններով դեղերի տրամադրում

Հաշմանդամություն ունեցող՝ ֆունկցիոնալության խորը (1-ին խումբ), ծանր (2-րդ խումբ)  և միջին (3-րդ խումբ) աստիճանի սահմանափակումով անձանց դեղերը հատկացվում են դրանց արժեքի լրիվ փոխհատուցմամբ` սպասարկող պոլիկլինիկայի կողմից ՀՀ ԱՆ հիմնական դեղերի ցանկում ընդգրկված դեղերին համապատասխան:

Ստոմատոլոգիական բժշկական օգնություն

Հաշմանդամություն ունեցող անձանց անվճար և արտոնյալ պայմաններով ստոմատոլոգիական բժշկական օգնությունը ներառում է.

1) հաշմանդամություն ունեցող` ֆունկցիոնալության խորը (1-ին խումբ) աստիճանի սահմանափակումով անձանց, ինչպես նաև մինչև 18 տարեկան հաշմանդամություն ունեցող անձանց պետության կողմից երաշխավորված` անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում տրամադրվում են հետևյալ ստոմատոլոգիական բժշկական օգնության ծառայությունները`

1.  ատամի հեռացում 

2. կարիեսի բուժում

3. պուլպիտի բուժում

4. պերիօդոնտիտի բուժում, 

2) հաշմանդամություն ունեցող` ֆունկցիոնալության ծանր (2-րդ խումբ) և միջին  (3-րդ խումբ) աստիճանի սահմանափակումով անձանց ստոմատոլոգիական բժշկական օգնության հետևյալ ծառայությունները տրամադրվում են արտոնյալ պայմաններով` համավճարի սկզբունքով`

1.  ատամի հեռացում

2. կարիեսի բուժում

3. պուլպիտի բուժում

4. պերիօդոնտիտի բուժում:

Հիվանդանոցային բժշկական օգնություն

Հաշմանդամություն ունեցող անձանց պետության կողմից երաշխավորված` անվճար պայմաններով տրամադրվում են հետևյալ հիվանդանոցային ծառայությունները.

1) վերակենդանացման բժշկական օգնության ծառայություններ,

2) տուբերկուլյոզի բժշկական օգնության ծառայություններ,

3) հոգեկան և նարկոլոգիական հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ,

4)ինֆեկցիոն, այդ թվում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ,

5) հեմոդիալիզի և պերիտոնեալ դիալիզի ծառայություններ,

6) hիվանդանոցային պայմաններում արտահիվանդանոցային բժշկական օգնության (emergency) ծառայություններ,

7) ծննդօգնություն և հղիության ախտաբանություն,

8) պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ,

9) սրտամկանի սուր ինֆարկտի անհետաձգելի վիրահատական բուժման ծառայություններ (կորոնար անոթների ստենտավորման և աորտակորոնար շունտավորման բժշկական օգնության ծառայություններ),

10) գլխուղեղի սուր կամ ենթասուր իշեմիկ կաթվածների էնդովասկուլյար բուժման ծառայություններ,

11) աորտայի անևրիզմաների պատռվածքների և (կամ) շերտազատումների վիրահատական բուժման ծառայություններ,

12) չարորակ նորագոյացությունների վիրահատական բուժման ծառայություններ,

13) սուր վերականգնողական բժշկական օգնություն և սպասարկում,

14) այրվածքաբանական ծառայություններ

15) անհետաձգելի բժշկական օգնության ծառայություններ.

16) մաշկային և սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ.

17) ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների ճառագայթային բուժումը

18) չարորակ ուռուցքաբանական պացիենտների և «Հոջկինի լիմֆոմա» և «Ոչ հոջկինյան լիմֆոմա» արյունաբանական հիվանդություններով պացիենտների քիմիաթերապևտիկ դեղերը առաջին քիմիաթերապիայի սեանսից սկսած մեկ տարվա ընթացքում տարեկան մինչև 300.0 հազար դրամ:

Վերոնշյալ բժշկական օգնության և սպասարկման տեսակներից ու ծառայություններից բացի, անվճար տրամադրվում են նաև վիրահատական, ինչպես նաև ցանկացած այլ ոչ վիրահատական, կյանքին վտանգ սպառնացող անհետաձգելի հիվանդանոցային բուժում պահանջող քրոնիկ հիվանդությունների սրացումների և բարդությունների թերապևտիկ բուժումը` համաձայն Առողջապահության նախարարության գործելակարգերի։

Հակատուբերկուլյոզային, հոգեբուժական բաժանմունքներում, հատուկ մասնագիտացված համալիր բուժական վերականգնողական ծառայությունների դեպքում (այդ թվում` պարէնտերալ) պարտադիր ապահովվում պացիենտների սնունդը:

Հաշմանդամություն ունեցող անձանց անվճար հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության տրամադրման համար հիմք են հանդիսանում`

1) պլանային կարգով բժշկական օգնության և սպասարկման դեպքերում` տվյալ անձին սպասարկող ԱԱՊ բժշկի կողմից տրված ուղեգիրը (էլեկտրոնային ուղեգիր),

2)անհետաձգելի հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում պահանջող դեպքերում` շտապ բժշկական օգնության ծառայության ուղեգիրը կամ հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպության ընդունարանի (հերթապահ) բժշկի եզրակացությունը,

3)բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնելու նպատակով, հիվանդանոցային պայմաններում լրացուցիչ բժշկական հետազոտություն անցնելու համար անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի ուղեգիրը:

Նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող բժշկական ծառայություններ

Հաշմանդամություն ունեցող` ֆունկցիոնալության խորը (1-ին խումբ) և ծանր (2-րդ խումբ) աստիճանի սահմանափակումով անձանց անվճար տրամադրվում են նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող բժշկական հետևյալ ծառայությունները.

1) գլխուղեղի և ողնուղեղի էնդովասկուլյար բուժում (ներառյալ միայն միկրոկաթետերի, միկրոպարույրի և օնիքսի արժեքը).

2) կլիպսների օգտագործում` նյարդավիրաբուժական վիրահատությունների ժամանակ.

3) շունտավորող համակարգերի օգտագործում` նյարդավիրաբուժական վիրահատությունների ժամանակ.

4) ստորին վերջույթների խոշոր և պերիֆերիկ զարկերակների և կորոնար անոթների ստենտավորում՝ ինչպես դեղապատ, այնպես էլ ոչ դեղապատ ստենտներով, բալոնային դիլատացիա, անգիոպլաստիկա.

5) սրտի բաց վիրահատություններ, աորտակորոնար շունտավորում.

6) սրտի փականների պրոթեզավորում.

7) սրտի կծկումները սինխրոնացնող ռիթմավար սարքերի (Pacemaker) իմպլանտացիա (միախոռոչանի և երկխոռոչանի).

8) փորոքների կծկումները վերասինխրոնիզացնող ՍՌՎՍ իմպլանտացիա.

9) կարդիովերտեր դեֆիբրիլյատորների իմպլանտացիա.

10) լրացուցիչ անցուղիների կաթետերային աբլացիա.

11) վերել և վայրէջ աորտայի վիրահատություններ՝ անկախ եղանակի.

12) բալոնային պլաստիկա կամ վալվուլոտոմիա սրտի բնածին արատների դեպքում.

13) տրանսկաթետերային եղանակով սրտի վիրահատական միջամտություններ՝ սրտի բնածին և կառուցվածքային (ձեռքբերովի) արատների դեպքում.

14) սիներակի (Վ.Կավա/V.Cava) ֆիլտրի տեղադրում (ներառյալ ֆիլտրի արժեքը), այդ թվում՝ ժամանակավոր.

15) բացառապես վնասվածքաբանական վիրահատությունների ժամանակ օգտագործվող մետաղական կոնստրուկցիաների՝ մեխերի, հարթակների, պտուտակների և շյուղերի կիրառում.

16) քարափշրում (լիթոտրիպսիա)` հեռահար, պերկուտան, ֆիբրոուրեթերոռենոսկոպիկ.

17) սկլերոպլաստիկա, կեռատոպլաստիկա.

18) Varian(Վարիան) էլեկտրոնային արագացուցիչով ճառագայթային թերապևտիկ բուժումը:

Վերականգնողական բժշկական օգնություն

Հիվանդանոցային բժշկական օգնության շրջանակներում վերականգնողական բժշկական օգնությունը և սպասարկումն իրականացվում է ԱԱՊ ծառայություններ մատուցող հաստատության ուղեգրմամբ կամ բժշկական կազմակերպության տեղափոխման էպիկրիզով` այն դեպքերում, երբ պացիենտը նախապես ստացել է հիվանդանոցային բժշկական օգնություն և էպիկրիզում նշված բժշկական եզրակացության մեջ խորհուրդ է տրվել բուժման արդյունավետությունը ապահովելու նպատակով շարունակել հետագա վերականգնողական բուժումը այլ բժշկական կազմակերպությունում` հաշվի առնելով վերականգնողական բուժման ցուցումները և հակացուցումները: Հաշմանդամություն ունեցող անձանց վերականգնողական բժշկական օգնությունը և սպասարկումը իրականացվում է նաև բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի (իսկ 2023 թվականի փետրվարի 1-ից` անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի) կողմից տրված վերականգնողական անհատական ծրագրերի (ՎԱԾ) հիման վրա:

Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բուժօգնություն

Հաշմանդամություն ունեցող անձինք օգտվում են վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնություն և սպասարկում ստանալու արտոնություններից` համաձայն «Անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման կարգն ու շահառուներին ներկայացվող պահանջները սահմանելու մասին»  ՀՀ կառավարության 2015թ. մայիսի 27-ի No 568–Ն որոշմամբ սահմանված ծավաներով: