Նորություններ

Տեղի է ունեցել առողջության համընդհանուր ապահովագրության 100 օրվա արդյունքների ամփոփման միջոցառումը

ապրիլի 18, 2026

«Այսօր ամփոփում ենք Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի գործարկման առաջին 100 օրվա արդյունքները։ Այս ժամանակահատվածը մի ճանապարհի սկիզբ է, որը էապես փոխում է մեր երկրի առողջապահական համակարգը։ Իհարկե, մենք հասկանում ենք, որ ժամանակ է պետք, որ ժողովուրդն իր վրա զգա այս բարեփոխման արդյունքները և գոհ լինի, որ, ի վերջո, երկար տարիների սպասված երաշխիքը պետությունն իրեն մատուցում է»,- ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ապահովագրության համակարգի ներդրման 100 օրը խորհրդանշող միջոցառման ժամանակ:

Նախարարն ընդգծել է, որ բարեփոխումը հնարավոր է դարձել նախ ՀՀ վարչապետի քաղաքական կամքի, պետական համակարգի կուռ աշխատանքի, թվային և օրենսդրական դաշտի, բժշկական կենտրոնների, բժիշկների, բուժքույրերի, պետություն - մասնավոր հատված համագործակցության արդյունքում: Եվ, որ պակաս կարևոր չէ` Հայաստանի ամեն քաղաքացի, ամեն հարկ վճարող իր բաժին ներդրումն ունի այս մեծ բարեփոխման իրականացման գործում: Նախարարը նշել է, որ առաջիկա տարիների հանձնառությունն է լինելու կառուցել էլ ավելի կայուն, էլ ավելի ընդգրկուն ապահովագրական համակարգ:

Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Խարազյանը ներկայացրել է հիմնադրամի գործունեության առաջին 100 օրվա հիմնական վիճակագրական ցուցանիշները։ Մասնավորապես` արդեն ավելի քան 1.7 միլիոն քաղաքացի ապահովագրված է, ապահովագրական փաթեթը ներառում է շուրջ 2400 ծառայություն, իսկ առաջին երեք ամիսներին իրականացված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 40 միլիարդ դրամ։

Միջոցառմանը մասնակցել են պետական կառույցներից բարձրաստիճան հյուրեր և բժշկական համայնքի ու միությունների ներկայացուցիչներ։