Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է Առողջապահության համաշխարհային վեհաժողովին

մայիսի 22, 2026

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Ժնևում ընթացող Առողջապահության համաշխարհային վեհաժողովին (WHA 79):

«Ոչ մի երկիր չի կարող դիմակայել համաշխարհային առողջապահական արտակարգ իրավիճակներին, եթե իր բնակչությունը բախվում է առողջապահական խնամքի անհասանելիության: Մենք արմատապես փոխում ենք մեր ազգային առողջապահական մոդելը հիվանդանոցակենտրոն խնամքից դեպի բարձրակարգ, ինտեգրված առաջնային առողջապահական համակարգ, որն առաջնահերթություն է տալիս կանխարգելմանը, վաղ ախտորոշմանը և բուժման մատչելիությանը»,- անդրադառնալով Հայաստանում 2026 թվականի հունվարի 1-ից գործարկված առողջության համընդհանուր ապահովագրության համակարգին` իր ելույթում նշել է Լենա Նանուշյանը:

Եզրափակելով խոսքը` նա ընդգծել է, որ Հայաստանն ապացուցում է, որ առողջապահության մեջ ներդրումներ կատարելը համաշխարհային առողջապահական անվտանգության և կայուն ապագայի հասնելու հզոր ռազմավարություն է, որտեղ ոչ ոք անտեսված չի լինի։

ԱՀԿ վեհաժողովին ՀՀ պատվիրակությունը հանդես է եկել ոլորտին առնչվող մի շարք ելույթներով: Վեհաժողովի շրջանակներում պատվիրակության ղեկավարն ունեցել է երկկողմ ձևաչափով մի շարք հանդիպումներ: