Նորություններ

Կաթվածի բուժման ազգային ծրագիրը հասանելի է ևս երկու մարզում

հունիսի 10, 2026

Իշեմիկ կաթվածի բուժման լավագույն մեթոդներից մեկը` թրոմբոլիտիկ թերապիան, ՀՀ քաղաքացիների համար պետական ծրագրի շրջանակներում այժմ հասանելի է նաև Մարտունու բժշկական կենտրոնում։

Այս հնարավորությունը ստեղծվել է հեռաբժշկության կիրառման շնորհիվ, որը տարածված պրակտիկա է զարգացած երկրներում։ 

Կաթվածի հեռաբժշկությունը հնարավոր է դարձնում  կաթվածի նյարդաբանների ցուցումով,  կաթվածի նեղ մասնագետներ չունեցող հիվանդանոցներում, իրականացնել թրոմբոլիտիկ թերապիա, որից հետո  հիվանդներին տեղափոխել մասնագիտացված կաթվածի կենտրոններ` հետագա բուժման։

Ըստ միջազգային լավագույն փորձի` թրոմբոլիտիկ թերապիան անհրաժեշտ է իրականացնել հստակ սահմանված ժամերի ընթացքում` որքան արագ, այնքան` ավելի էֆեկտիվ և անվտանգ արդյունքներով։

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի կաթվածի մասնագետների օգնությամբ և հսկողությամբ` Մարտունու բժշկական կենտրոնում կիրականացվի թրոմբոլիտիկ թերապիան` խնայելով այն ժամանակը, որից հետո կապահովվի հիվանդի տեղափոխումը և հետագա բուժումը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում։

Մեր երկրում կաթվածի ոլորտում հեռաբժշկության կիրառումը սկիզբ է դրվել առողջապահության նախարարության և կաթվածի խորհրդի կողմից հաստատված պիլոտային ծրագրով` Գյումրու և Վանաձորի բժշկական կենտրոնների միջև` Գյումրու մարզային կաթվածի կենտրոնի մասնագետների միջոցով։

Առողջապահության նախարարության և կից գործող կաթվածի խորհրդի  առաջնահերթություններից է մայրաքաղաքից հեռու բնակավայրերում  կաթվածի բուժման ժամանակակից մեթոդների հասանելիության բարձրացումը  և կաթվածի բուժման մասնագիտացված մարզային կենտրոնների ստեղծումը։
Վերջերս Գորիսի Կաթվածի կենտրոնն է սկսել իր աշխատանքները. այն կսպասարկի Սյունիքի և Վայոց ձորի բնակիչներին: