Նորություններ

Ինչպե՞ս ճանաչել ու հաղթահարել սթրեսը

ապրիլի 06, 2026

Հատկապես վերջին տարիներին, հաճախ նաև անտեղի, հոգեկան տարբեր իրավիճակներ շատերը բնորոշում են սթրես բառով:

Ի վերջո, ի՞նչ է սթրեսը.

Սթրեսը հոգեբանական լարվածության կամ անհանգստության վիճակ է, որը կարող է առաջանալ կյանքի դժվարին իրավիճակներում: Այն օրգանիզմի բնական ռեակցիան է, ինչն օգնում է մարդուն կենտրոնանալ և արդյունավետ գործել դժվարին իրավիճակներում:

Սակայն երկարատև և կայուն սթրեսը կարող է բացասական ազդեցություն ունենալ թե՛ հոգեկան , թե՛ ֆիզիկական առողջության վրա:

Ինչպես ճանաչել սթրեսը

Յուրաքանչյուր անձի մոտ սթրեսը կարող է դրսևորվել յուրովի: Կարևոր է ուշադրություն դարձնել այն ֆիզիկական կամ հոգեբանական փոփոխություններին, որոնք կարող են առաջանալ սթրեսային իրավիճակներում: Դրանցից որոշներն են՝

♦ Ներքին լարվածություն և անհանգստություն

♦ Դյուրագրգռություն

♦ Տրամադրության փոփոխություններ

♦ Գլխացավ

♦ Սրտխփոց

♦ Ախորժակի և մարսողության հետ կապված փոփոխություններ

♦ Քնի խանգարումներ:

Տևական սթրեսն ազդում է անձի թե՛ առողջության վրա` առաջ բերելով առողջական խնդիրներ, թե՛ նպաստում է արդեն առկա առողջական խնդիրների խորացմանը:

Ինչպես նվազեցնել սթրեսը

♦ Պահպանե՛ք կանոնավոր և բավարար քունը

♦ Եղե՛ք ֆիզիկապես ակտիվ

♦ Պահպանե՛ք աշխատանքային հիգիենան (աշխատանք- հանգիստ հավասարակշռությունը)

♦ Պահպանեք սոցիալական կապերը

♦ Կատարեք շնչառական և հանգստացնող ինքնօգնության վարժություններ:

Եթե չեք կարողանում ինքնուրույն հաղթահարել սթրեսը, ապա դիմե՛ք հոգեկան առողջության մասնագետի:

Ապրիլ ամիսն աշխարհում նշվում է որպես սթրեսի իրազեկման ամիս: Այն ևս մեկ առիթ է հիշեցնելու հոգեկան առողջության մասին հոգ տանելու և առողջ սովորություններ ձևավորելու կարևորությունը:

 Իրազեկ լինելով և ժամանակին ճիշտ միջոցներ ձեռնարկելով` կարող եք արդյունավետ կառավարել սթրեսը` հնարավորինս քիչ վնասներ հասցնելով ձեր հոգեկան ու ֆիզիկական առողջությանը: