ԱԺ-ում հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացվել է 2025 թվականի առողջապահական բյուջեի կատարողանը
հունիսի 10, 2026
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկմանն առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահության ոլորտում իրականացված աշխատանքներն ու գրանցված արդյունքները։
♦ 2025 թվականին պետական բյուջեից առողջապահության ոլորտին հատկացված էր 171,2 մլրդ դրամ, կատարողականը կազմել է 96.2 տոկոս:
Ոլորտային գործունեության բարելավման և զարգացման քաղաքականության հիմքում դրվել է ծառայությունների մատչելիությունը, հասանելիությունը, բժշկական օգնության որակի ապահովումը, որի իրականացման համար աշխատանքներ է իրականացվել 2 հիմնական ուղղությամբ` կապիտալ շինարարություն և բժշկական ծառայությունների հասանելիության և որակի բարձրացման ապահովում.
1. Կապիտալ ծախսերի համար հատկացվել է 11.7 մլրդ դրամ, կատարողականը կազմել է 6.4 մլրդ դրամ կամ 54.4 %:
Առողջապահական կազմակերպությունների վերազինման միջոցառման շրջանակներում միջոցներ են հատկացվել 11 առողջապահական կազմակերպությունների վերազինմանը. օգտագործվել է նախատեսված միջոցների 67.3%-ը՝ կազմելով ավելի քան 1,9 մլրդ դրամ:
Միաժամանակ առողջապահական համակարգի պետական առևտրային և ոչ առևտրային կազմակերպություններին կապիտալ բնույթի ծախսերի կատարման նպատակով 2025 թվականին հատկացվել է ավելի քան 456.9 մլն դրամ ֆինանսական աջակցություն, որն նույնպես ամբողջությամբ օգտագործվել է:
Կապիտալ շինարարության ու ենթակառուցվածքների արդիականացման ոլորտում գլխավոր սկզբունքն է` գնալ ոչ թե շենքերի մասնակի վերանորոգման, այլ վերակառուցման և հիմնովին կառուցման:
♦ 2. Բժշկական ծառայությունների հասանելիության և որակի բարձրացման ապահովում.
1. 2025թ. ապրիլ ամսվանից ներդրվել է անվճար և արտոնյալ պայմաններով տրամադրվող դեղերի փորձարարական ծրագիրը, որի շրջանակներում դուրս է գրվել 650227 դեղատոմս, տրամադրվել է շուրջ 2,47 մլրդ դրամի դեղ։
2. Պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնության և սպասարկման շրջանակներում 2025թ. բուժօգնության դեպքերի թիվը կազմել է 456500` կանխատեսված 439000-ի և 2024թ. 410235-ի դիմաց:
3. Անպտուղ զույգերի համար վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության ծառայություններ» միջոցառման շրջանակներում 2025թ. իրականացվել է 80623 հետազոտություն՝ կանխատեսված 75600-ի և 2024թ. 42558-ի դիմաց, ծառայությունից օգտվել է 4212 զույգ, 2024թ. 3504-ի դիմաց, 2025թ. իրականացվել է արտամարմնային բեղմնավորման 1834 փորձ, հղիությամբ ավարտված դեպքերի թիվը կազմել է 1307:
4. «Անհետաձգելի բժշկական օգնություն» միջոցառման շրջանակում իրականացվում են անհետաձգելի բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ: 2025թ. իրականացվել է 3156 անհետաձգելի սրտի վիրահատություններ 2024թ. 2552 վիրահատությունների դիմաց։
5. «Ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ» միջոցառման շրջանակներում իրականացվել է չարորակ նորագոյացությունների համալիր, վիրահատական, քիմիաթերապևտիկ և ճառագայթային բուժում:
Պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում 2025թ. ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների բժշկական օգնության գծով ծառայություններից օգտվելու դեպքերի թիվը կազմել է՝ 67560 կանխատեսված 66750-ի և 2024թ. 44855-ի դիմաց, իսկ վիրաբուժական միջամտությունների թիվը կազմել է 11128՝ կանխատեսված 10460-ի և 2024թ. 9959-ի փոխարեն։
6. «Փոխպատվաստման ծառայություններ» միջոցառման գծով պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում 2025թ. արձանագրվել է օրգանների փոխպատվաստման 16 դեպք՝ կանխատեսված և նախորդ տարվա 25-ի դիմաց, ոսկրածուծի փոխպատվաստման 55 դեպք` կանխատեսված 55-ի և 2024թ. 57-ի փոխարեն:
7. «Սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկվածներին տրամադրվող բժշկական օգնության ծառայություններ» միջոցառման շրջանակներում պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բժշկական օգնության դեպքերի թիվը 2025թ. կազմել է՝ 405342 կանխատեսված 387980-ի և 2024թ. փաստացի կատարված 345135-ի փոխարեն։
Միջոցառման շրջանակներում Լեռնային Ղարաբաղից տարհանված բնակչությանը թվով 20435 բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ է մատուցվել։ 2025թ. սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկվածներին տրամադրվող բժշկական օգնության ծառայությունների ֆինանսավորմանը տրամադրվել է 32,4 մլրդ դրամ:
8. «Դեղորայքի տրամադրում ամբուլատոր-պոլիկլինիկական հիվանդանոցային բուժօգնություն ստացողներին և հատուկ խմբերում ընդգրկված ֆիզիկական անձանց» միջոցառման շրջանակներում կենտրոնացված կարգով ձեռք է բերվել 83 անվանում դեղ 18 հիվանդության համար:
Շահառուների թիվը կազմել է 232311: 2025թ. հատկացվել է ավելի քան 5,7 մլրդ դրամ՝ ապահովելով 99.3% կատարողական:
Նախորդ տարվա համեմատ միջոցառման ծախսերն աճել են 1,3 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է դեղապահովման ծրագրում 6 հիվանդության ընդգրկմամբ (պատանեկան իդիոպաթիկ արթրիտ, ցրված սկլերոզ, առաջնային իմունոդեֆիցիտ, կավասակիի հիվանդություն, նյարդաբանական խնդիրներով պայմանավորված համախտանիշներ, անհաս նորածիների համար նախատեսված պարենտերալ դեղեր)։
2025թ. մեկնարկել է առողջապահական նոր ծրագիր, որի նպատակն է դիաբետ ունեցող երեխաների և դեռահասների առողջության ու կյանքի որակի բարելավումը՝ գլյուկոզի շարունակական մոնիթորինգի համակարգերի (ԳՇՄՀ) ներդրման միջոցով։
Դեղապահովումը նոր ընդգրկված հիվանդությունների մասով 2025թ. կազմել է 100 տոկոս: