Դեղորայքային քաղաքականություն

«Պատշաճ բաշխման գործունեության» կանոններին համապատասխանության հավաստագրում

ապրիլի 20, 2026

Պատշաճ բաշխման գործունեությունը որակի ապահովման համակարգի բաղադրիչ է, որը բաշխման գործընթացում իրականացվող գործողությունների համապատասխան հսկողության միջոցով երաշխավորում է արտադրանքի հաստատուն որակը, ինչպես նաև միջոց է բաշխման շղթա կեղծ, չգրանցված, անօրինական ներմուծված, գողացված, անորակ, չհայտարարագրված բաղադրատարրեր պարունակող և (կամ) սխալ մակնշված արտադրանքի ներթափանցումը կանխելու համար:

Պահանջներ

ՀՀ առողջապահության նախարարությունը (ՀՀ ԱՆ) դեղերի մեծածախ իրացման  լիցենզիա ստացած մատակարարին տրամադրում է «Պատշաճ բաշխման գործունեության» (ՊԲԳ) հավաստագիր` ՀՀ ԱՆ Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի (այսուհետ՝ Կենտրոն) մասնագիտական դիտարկման հաշվետվության հիման վրա: Հետևաբար, մինչև ՊԲԳ հավաստագիր ստանալու հայտը ՀՀ ԱՆ ներկայացնելը, անհրաժեշտ է դիմել Կենտրոն` դիտարկում իրականացնելու և հաշվետվություն տրամադրելու նպատակով: Մասնագիտական դիտարկումների ծախսերը փոխհատուցում է հայտատուն՝ կողմերի միջև օրենքով սահմանված կարգով կնքված պայմանագրի հիման վրա:

ՊԲԳ հավաստագիրը տրվում է դեղերի մեծածախ իրացման լիցենզիայի ներդիրում նշված գործընթացների համար առավելագույնը հինգ տարի ժամկետով՝ ըստ մասնագիտական դիտարկումների արդյունքների գնահատման: Լիցենզիա ստանալուց հետո` առաջին երեք տարվա ընթացքում, դեղերի մեծածախ իրացման լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի մոտ մասնագիտական դիտարկումներն իրականացվում են ամեն տարի, այնուհետև` երկու տարին մեկ, բացառությամբ այն դեպքերի, երբ ՊԲԳ հավաստագիրը տրված է ավելի երկար ժամկետով: Հավաստագրի ժամկետը հաշվարկվում է դիտարկման վերջին օրվանից:

ՊԲԳ հավաստագիր տալու համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով և չափով:

Անհրաժեշտ փաստաթղթեր

  • Հայտ:
  • ՊԲԳ դիտարկման հաշվետվություն՝ տրված Կենտրոնի  կողմից:
  • Պետական տուրքի վճարման փաստը հավաստող փաստաթուղթ:

Տրամադրման կարգ ու ժամկետներ

Հայտը մուտքագրելուց 5 աշխատանքային օրվա ընթացքում արձակվում է հրաման հավաստագիր տրամադրելու կամ դրա տրամադրումը մերժելու մասին:

Նախարարի հրամանն ընդունվելու օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում նախարարության կողմից մատակարարին տրամադրվում է հաստատված ՊԲԳ հավաստագիրը, կամ ՊԲԳ հավաստագրի տրամադրումը մերժելու մասին նախարարի հրամանը:

Հավաստագիրը տրամադրվում է մեկ օրինակից՝ հայերեն  և անգլերեն լեզուներով:

Հղում օրենսդրությանը

«Դեղերի մասին» ՀՀ օրենք https://www.arlis.am/hy/acts/218651/latest

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք https://www.arlis.am/hy/acts/221901/latest

ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի  N 156-Ն  որոշում https://www.arlis.am/hy/acts/200597/latest

ՀՀ ԱՆ 2017 թվականի մայիսի 17-ի N 24-Ն հրաման

https://www.arlis.am/hy/acts/113716/latest

ՀՀ ԱՆ 2020 թվականի հունվարի 16-ի N 01-Ն հրաման

https://www.arlis.am/hy/acts/138494/latest

Ծառայությունը մատուցող՝

ՀՀ առողջապահության նախարարություն

info@moh.am

https://www.moh.am

ՀՀ ԱՆ Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն

info@ampra.am

https://www.pharm.am