Շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) կրեդիտների կուտակման վերաբերյալ
օգոստոսի 22, 2025
Շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) կրեդիտների
կուտակման վերաբերյալ
ՇՄԶ կրեդիտների քանակը և դրանց շնորհման կարգը սահմանվում են ՀՀ առողջապահության նախարարի 2019 թվականի ապրիլի 26-ի թիվ 20-Ն հրամանով: Յուրաքանչյուր բուժաշխատող, ղեկավարվելով հիշյալ հրամանի իրավակարգավորումներով, ինքնուրույն է հաշվարկում իր կողմից կուտակված ՇՄԶ կրեդիտների քանակը: Հաշվարկվում են 2016 թվականի մայիսի 4-ից հետո կուտակած կրեդիտները։ Համաձայն գործող իրավակարգավորումների. 1. Յուրաքանչյուր շրջափուլում ավագ բուժաշխատողը պետք է կուտակի 220 ՇՄԶ կրեդիտ (որից առնվազն 200-ը՝ մասնագիտական թեմաներից), դեղագետը՝ 160 ՇՄԶ կրեդիտ (որից առնվազն 140-ը՝ մասնագիտական թեմաներից), միջին բուժաշխատողը 140 ՇՄԶ կրեդիտ (որից առնվազն 125-ը՝ մասնագիտական թեմաներից), իսկ դեղագործը՝ 100 ՇՄԶ կրեդիտ (որից առնվազն 85-ը՝ մասնագիտական թեմաներից): Ավագ բուժաշխատողը առավելագույնը 20, իսկ միջին բուժաշխատողը՝ 15 ՇՄԶ կրեդիտ, կարող է կուտակել բժշկական ոլորտի իր համար մասնագիտական չհամարվող (հարակից) թեմաներից։
2.Կրեդիտների ընդհանուր թվաքանակում պետք է լինի առնվազն 5 տեսական, 5 գործնական և 5 ինքնակրթություն-ինքնազարգացման կրեդիտ:
3. Էլեկտրոնային ուսուցողական նյութերի (ԷՈՒՆ) շրջանակներում ավագ բուժաշխատողը կարող է կուտակել առավելագույնը 40, իսկ միջին բուժաշխատողը՝ 30 ՇՄԶ կրեդիտ: Կուտակված կրեդիտների ընդհանուր քանակում ներառվում են.
1. ՀՀ-ում կրեդիտավորված միջոցառումների շրջանակներում կուտակված կրեդիտները (վկայականի վրա ՇՄԶ տեսական, գործնական կամ ինքնակրթության կրեդիտ նշումով):
2. Արտերկրում կրեդիտավորած միջոցառումների շրջանակներում կուտակված կրեդիտները (վկայականի վրա համապատասխան լեզվով ՇՄԶ կրեդիտ նշումով): Կրեդիտները ճանաչվում են «1 կրեդիտ = 1 կրեդիտ» սկզբունքով:
3. Կրեդիտներ ավտոմատ շնորհվում են մինչև 2022թ. դեկտեմբերի 31-ը «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան հիմնադրամի» և ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս․ Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի կողմից իրականացված չկրեդիտավորված վերապատրաստման դասընթացներին մասնակցության համար՝ շաբաթական կտրվածքով ՇՄԶ 20 տեսական և 5 գործնական կրեդիտ:
Արտերկրի համալսարանական կլինիկաներում/գիտահետազոտական կենտրոններում անցած չկրեդիտավորված վերապատրաստման դասընթացների շրջանակներում կրեդիտներ ստանալու նպատակով անհրաժեշտ է ՀՀ ԱՆ ներկայացնել նշված հրամանի հավելված 2-ով հաստատված հայտ (Ձև 3), իսկ գիտական աշխատանքների, աշխատությունների հրատարակման համար (Ձև 4)՝ համապատասխան փաստաթղթային փաթեթներով։
Միջոցառումների շրջանակներում մասնակիցը կարող է կրեդիտներ ստանալ 5-ամյա շրջափուլում մեկ անգամ, իսկ դասավանդողները՝ մեկ տարվա ընթացքում մեկ անգամ։
Կրեդիտների հաշվարկի վերաբերյալ հանրամատչելի ամփոփ տեղեկատվություն հնարավոր
է ստանալ հետևյալ հղումով՝ http://nih.am/am/subdivisions/certificate_national_center։