Ի՞նչ է անհրաժեշտ օտարերկրացի բուժաշխատողների մասնագիտական կարճաժամկետ թույլտվության համար
օգոստոսի 22, 2025
Հայաստանի Հանրապետությունում գործող կազմակերպությունների նախաձեռնությամբ կամ հրավերով օտարերկրացի բուժաշխատողների մասնագիտական կարճաժամկետ թույլտվության համար անհրաժեշտ է (հիմք` 2016 թվականի հոկտեմբերի 20-ի N 1081-Ն որոշում).
1. իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից լիազորված անձի կողմից թույլտվության հայտ ներկայացվելու դեպքում` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով նրան տրամադրված լիազորագիրը.
2. իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից հրավիրվող օտարերկրացի բուժաշխատողի անձը հաստատող փաստաթղթի պատճենը.
3. կրթության փաստը հավաստող փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի առկայության դեպքում՝ օտարերկրացու միջին մասնագիտական կամ բժշկական բարձրագույն և հետբուհական կրթության, մասնագիտական որակավորման փաստաթղթերը, իսկ դրա բացակայության դեպքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օտարերկրացի բուժաշխատողի՝ բժշկական կրթության փաստը հավաստող փաստաթղթերի որակավորման ճանաչման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված տեղեկանքը.
4. օտարերկրացի բուժաշխատողի գործունեության երկրում բժշկական գործունեությամբ զբաղվելու իրավունքի հավաստագիրը, լիցենցիան կամ արտոնագիրը (թույլտվությունը).
5. օտարերկրյա իրավասու մարմնի կողմից օտարերկրացի բուժաշխատողին Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնելուն նախորդող ամսվա դրությամբ տրված պատշաճ մասնագիտական գործունեության տեղեկանքը (certificate of good standing):