Քննարկվել են երիտասարդների շրջանում ծխախոտային և նիկոտինային նոր արտադրանքների օգտագործման ռիսկերը
ապրիլի 15, 2026
Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, Հայաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Սիդդարթա Դատտան, ոլորտի պատասխանատուներն անցկացրել են քննարկում` «Երիտասարդների շրջանում ծխախոտային և նիկոտին պարունակող նոր և նորարական արտադրանքների օգտագործման աճի միտումների և դրանով պայմանավորված վտանգների վերաբերյալ» թեմայով:
Հանդիպման ընթացքում ընդգծվել է, որ վեյփինգի տարածումը շարունակում է աճել, ինչը պահանջում է համարժեք արձագանք։ Քննարկվել են նոր արտադրանքների դեմ պայքարի հիմնական ուղղությունները՝ կարևորելով իրազեկման բարձրացումը` թե՛ երիտասարդների, թե՛ լայն հասարակության շրջանում։
«Երիտասարդների առողջության պաշտպանությունը մեր առաջնահերթություններից է։ Նիկոտինային նոր արտադրանքների տարածման կանխարգելումը պահանջում են համատեղ, հետևողական և ապացույցահեն քայլեր՝ միավորելով պետական կառույցների, մասնագիտական համայնքի և միջազգային գործընկերների ջանքերը»,- նշել է Լենա Նանուշյանը:
Ընդգծվել է նաև առողջության առաջնային օղակի աշխատողների վերապատրաստումների կարևորությունը՝ ծխախոտի օգտագործման դադարեցմանը աջակցելու նպատակով։
Անդրադարձ է կատարվել ծխախոտային և վեյփինգի արդյունաբերության կողմից տարածվող` իբր «նվազ վնասող» մոտեցմանը՝ ընդգծելով, որ նման ձևակերպումները թյուրընկալման առիթ են տալիս, որոնց պետք է հակազդել։
Առանձնահատուկ շեշտադրվել է առողջ ապրելակերպի խթանումը՝ Առողջապահության համընդհանուր ծածկույթի շրջանակում, պայմանավորված մեծահասակների վարքագծային փոփոխություններով, ինչը ուղղակի ազդեցություն կարող է ունենալ դեռահասների վրա։
Հիշեցում. Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի կողմերի 12-րդ համաժողովը 2027 թվականին անցկացվելու է Հայաստանում։