Նորություններ

Շիրակի և Արարատի մարզերում գործում է է հոգեկան առողջության մոբիլ ծառայությունը

հունիսի 10, 2026

Հոգեկան առողջության պահպանումն ու բարելավումը` հանրային առողջապահության կարևոր ուղղություն

Առողջապահության նախարարությունը Շիրակի և Արարատի մարզերում ներդրել է հոգեկան առողջության մոբիլ` շարժական ծառայությունը:

Պիլոտային այս ծրագրի նպատակն է հոգեկան առողջության ծառայությունների հասանելիության բարձրացման միջոցով հոգեսոցիալական աջակցության կարիք ունեցող անձանց հոգեսոցիալական վերականգնման ապահովումը, նրանց կյանքի որակի բարելավումը, ապահով միջավայրի ստեղծումն ու հասարակության մեջ նրանց ինտեգրմանը նպաստելը։

Ծրագրի շրջանակում ոչ թե քաղաքացին է գնում ծառայության հետևից, այլ ծառայությունն է գալիս քաղաքացու մոտ:

Բազմամասնագիտական ծառայությունը տրամադրվում է տնային այցերի, հեռախոսային խորհրդատվության և փոխօգնության մեխանիզմների միջոցով:

Մոբիլ ծառայություն մատուցող թիմը կազմված է առնվազն 5 անդամից՝ հոգեբույժ, հոգեբան, սոցիալական աշխատող, միջին բուժաշխատող, հավասարը հավասարին աջակցություն տրամադրող աշխատող:

Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է զանգահարել (Մոբիլ ծառայության թեժ գծի հեռախոսահամարներն են` Շիրակի մարզ` 080 000 018, Արարատի մարզ` 098 170 580 հեռախոսահամարներով), որից հետո մոբիլ թիմն իրականացնում է շահառուի հոգեկան և սոցիալական վիճակի գնահատում և շարունակական հսկողություն, մշակում է անհատական վարման պլան, անհրաժեշտության դեպքում պացիենտին ուղղորդում հոգեկան առողջության այլ ծառայությունների:

Մոբիլ թիմը իրականացնում է նաև աշխատանքներ ուղղված սոցիալական հարցերի լուծմանը, ինչպես նաև տրամադրում հավասարը հավասարին աջակցություն ու թեժ գծի միջոցով խորհրդատվություն:

Մոբիլ ծառայության շահառու կարող են լինել հոգեբուժական կազմակերպության կողմից հաշվառված (18 տարին լրացած և բարձր տարիքի) այն անձինք, որոնք վերջին երեք ամիսներին չեն ստացել արտահիվանդանոցային հոգեբուժական օգնություն և սպասարկում (չնայած դրա անհրաժեշտությանը), հոգեկան վիճակի վատթարացմամբ պայմանավորված հաճախակի են հոսպիտալացվում, ստացել են ոչ հոժարակամ կամ հարկադիր հիվանդանոցային բուժում, ինչպես նաև առկա է երկու ամսվա ընթացքում առնվազն 4 անգամ բժիշկ-հոգեբույժի կողմից տնային այցի կազմակերպման կարիք:

Ծրագիրը Շիրակում մեկնարկել է 2026 թվականի փետրվարից, իսկ Արարատի մարզում` մարտից: Ծառայությունից օգտվել է հոգեսոցիալական աջակցության կարիք ունեցող շուրջ 6 տասնյակ մարդ:

Ծրագիրն իրականացվում է հասարակական կազմակերպությունների միջոցով: