Զարկերակային գերճնշման համաշխարհային օրվա այս տարվա կարգախոսն է. «Միասին վերահսկենք զարկերակային գերճնշումը»։
Սրտանոթային համակարգի ամենատարածված քրոնիկական հիվանդություններից է զարկերակային գերճնշումը (արյան բարձր ճնշումը)։ Այն հաճախ երկար ժամանակ ընթանում է առանց ախտանիշների։ Չբացահայտված կամ չկարգավորված զարկերակային գերճնշումը կարող է բարձրացնել սրտամկանի ինֆարկտի, գլխուղեղային կաթվածի, սրտային անբավարարության, երիկամների վնասման և այլ բարդությունների ռիսկը։
Ուստի, կարևոր է իրազեկ լինել զարկերակային գերճնշման կանխարգելման, վաղ հայտնաբերման և արդյունավետ կարգավորման հարցերին։
Զարկերակային գերճնշման զարգացմանը նպաստում են բազմաթիվ գործոններ՝
♦ աղի և հագեցած ճարպերով հարուստ սննդակարգ,
♦ ֆիզիկական պասիվությունը,
♦ ավելորդ քաշը և ճարպակալումը,
♦ ծխախոտի և ալկոհոլի օգտագործումը,
♦ քրոնիկական սթրեսը,
♦ ոչ բավարար քունը,
♦ ինչպես նաև ժառանգական նախատրամադրվածությունը և տարիքային փոփոխությունները։
Զարկերակային գերճնշման կանխարգելման և կարգավորման հիմնական միջոցներն են՝
♦ աղի օգտագործման սահմանափակումը,
♦ առողջ և հավասարակշռված սննդակարգը,
♦ կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը,
♦ մարմնի քաշի վերահսկումը,
♦ ծխախոտից հրաժարումը,
♦ ալկոհոլի սահմանափակումը,
♦ սթրեսի նվազեցումը,
♦ ինչպես նաև արյան ճնշման պարբերական չափումը։
Եթե զարկերակային գերճնշումն արդեն ախտորոշված է, անհրաժեշտ է պահպանել բժշկի նշանակած բուժումը և չդադարեցնել դեղորայքի ընդունումը առանց մասնագետի խորհրդատվության։
Արյան ճնշման կանոնավոր չափումը կարևոր է նույնիսկ այն դեպքերում, երբ մարդը որևէ գանգատ չունի։ Վաղ հայտնաբերումը և ճիշտ վերահսկումը օգնում են կանխել ծանր բարդությունները և պահպանել կյանքի որակը։