Նորություններ

Հեմոֆիլիայի համաշխարհային օր

ապրիլի 17, 2026

Վերջին տարիներին Հայաստանում հեմոֆիլիան անցել է իրական վերափոխման ճանապարհ՝ անկանոն բուժումից դեպի անվտանգ, նպատակային և կանխարգելիչ բուժամոդելներ։

Ներկայումս Հայաստանում գերակշռում է Հեմոֆիլիա A-ն, որը կազմում է ժառանգական արյունահոսական հիվանդությունների ամենամեծ բաժինը։

2020 թվականին Առողջապահության նախարարության աջակցությամբ, Հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիայի (WFH) մարդասիրական ծրագրի շրջանակում, Հայաստանում ծանր Հեմոֆիլիա A ունեցող պացիենտների համար ներդրվել է էմիցիզումաբով պրոֆիլակտիկան, որը նվազեցրել է բուժման ինվազիվությունը և բարձրացրել կենցաղային ադապտացիան։

Պետության համակարգային քայլերի շնորհիվ այսօր ունենք՝

♦ ավելի վաղ ախտորոշում,

♦ հիվանդների գրանցման ավելի հստակ համակարգ,

♦ դեղերով ապահովում,

♦ գործոնային և ոչ-գործոնային բուժման ավելի ճշգրիտ տեղաբաշխում,

♦ բազմամասնագիտական խնամքի ձևավորում և ավելի լավ կանխարգելիչ ռազմավարություն։

«Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնում 46 պացիենտ արդեն ստանում է բուժում, և արդյունքները խոսուն են՝

♦ զրոյական ինքնաբուխ արյունահոսություններ երեխաների մեծ մասի մոտ,

♦ հոդային բարդությունների գրեթե բացակայություն,

♦ հոսպիտալացումների կտրուկ նվազում:

Այսօր հեմոֆիլիայով երեխաները ապրում են լիարժեք կյանքով՝ հաճախում են դպրոց առանց երկար ընդհատումների, մասնակցում են լողի, ձյուդոյի, թեքվոնդոյի, շախմատի և այլ խմբակների: Առավել խորհրդանշական է այն փաստը, որ հեմոֆիլիայով երեք հայ դեռահաս արդեն դարձել են միջազգային չեմպիոններ։

Եթե նախկինում հեմոֆիլիան հաճախ հանգեցնում էր հաշմանդամության, ապա այսօր՝ ժամանակակից բուժման շնորհիվ, դա այլևս կանխելի է։

Վերջին 4 տարվա ընթացքում Հայաստանի հեմոֆիլիայի բուժման համակարգը պահպանվել և զարգացել է պետական ֆինանսավորման և հումանիտար աջակցության համակցված մոդելով։ Պետական գնումների ծավալի աճը վկայում է, որ Հայաստանը շարժվում է դեպի ավելի կայուն և ինստիտուցիոնալ դեղապահովման մոդել։