Կաթվածի բուժման ազգային ծրագիրը հասանելի է ևս երկու մարզում
հունիսի 10, 2026
Իշեմիկ կաթվածի բուժման լավագույն մեթոդներից մեկը` թրոմբոլիտիկ թերապիան, ՀՀ քաղաքացիների համար պետական ծրագրի շրջանակներում այժմ հասանելի է նաև Մարտունու բժշկական կենտրոնում։
Այս հնարավորությունը ստեղծվել է հեռաբժշկության կիրառման շնորհիվ, որը տարածված պրակտիկա է զարգացած երկրներում։
Կաթվածի հեռաբժշկությունը հնարավոր է դարձնում կաթվածի նյարդաբանների ցուցումով, կաթվածի նեղ մասնագետներ չունեցող հիվանդանոցներում, իրականացնել թրոմբոլիտիկ թերապիա, որից հետո հիվանդներին տեղափոխել մասնագիտացված կաթվածի կենտրոններ` հետագա բուժման։
Ըստ միջազգային լավագույն փորձի` թրոմբոլիտիկ թերապիան անհրաժեշտ է իրականացնել հստակ սահմանված ժամերի ընթացքում` որքան արագ, այնքան` ավելի էֆեկտիվ և անվտանգ արդյունքներով։
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի կաթվածի մասնագետների օգնությամբ և հսկողությամբ` Մարտունու բժշկական կենտրոնում կիրականացվի թրոմբոլիտիկ թերապիան` խնայելով այն ժամանակը, որից հետո կապահովվի հիվանդի տեղափոխումը և հետագա բուժումը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում։
Մեր երկրում կաթվածի ոլորտում հեռաբժշկության կիրառումը սկիզբ է դրվել առողջապահության նախարարության և կաթվածի խորհրդի կողմից հաստատված պիլոտային ծրագրով` Գյումրու և Վանաձորի բժշկական կենտրոնների միջև` Գյումրու մարզային կաթվածի կենտրոնի մասնագետների միջոցով։
Առողջապահության նախարարության և կից գործող կաթվածի խորհրդի առաջնահերթություններից է մայրաքաղաքից հեռու բնակավայրերում կաթվածի բուժման ժամանակակից մեթոդների հասանելիության բարձրացումը և կաթվածի բուժման մասնագիտացված մարզային կենտրոնների ստեղծումը։
Վերջերս Գորիսի Կաթվածի կենտրոնն է սկսել իր աշխատանքները. այն կսպասարկի Սյունիքի և Վայոց ձորի բնակիչներին: