Նորություններ

Թաքնված աղ պարունակող մթերքներ

ապրիլի 03, 2026

Աղի օգտագործումը մեր ամենօրյա սննդակարգի անբաժանելի մասն է, սակայն դրա չարաշահումը կարող է լուրջ հետևանքներ ունենալ առողջության համար․ մեծացնելով սրտամկանի զարկերակային գերճնշման, ինֆարկտի, ինսուլտի և միզաքարային հիվանդությունների զարգացման ռիսկը։ Աղի օգտագործման նվազեցումը մինչև առաջարկվող մակարդակ՝ օրական 5 գրամից պակաս, հնարավորություն կտա ամեն տարի կանխել մինչև 1.7 միլիոն մահ ամբողջ աշխարհում։

Տվյալները ցույց են տալիս, որ աղ շատ են օգտագործում նաև Հայաստանում.

♦ Օրվա ընթացքում օգտագործվող աղի միջին քանակը կազմում է 9.8 գրամ:

♦ Մոտավորապես յուրաքանչյուր երրորդ մեծահասակ (35%) կանոնավոր կերպով աղ կամ աղային սոուսներ է ավելացնում սննդին՝ ուտելուց առաջ կամ ընթացքում:

♦ Բնակչության շուրջ 31%-ը հաճախ օգտագործում է շատ աղ պարունակող վերամշակված սնունդ:

♦ Տղամարդիկ ավելի հաճախ են ավելացնում աղ սննդին և օգտագործում աղով հարուստ վերամշակված մթերքներ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդատվության համաձայն՝

♦ Մեծահասակները օրական պետք է օգտագործեն 5 գրամից պակաս աղ (մոտավորապես 1 թեյի գդալ):

♦ Երեխաների դեպքում աղի օգտագործումը պետք է լինի ավելի քիչ՝ կախված տարիքից:

Ինչպե՞ս նվազեցնել աղի օգտագործումը

♦ Սնունդ պատրաստելիս փորձեք նվազեցնել աղի օգտագործումը, պահպանելով սննդի իրական համը:

♦ Միայն համտեսելուց հետո ավելացրեք աղ:

♦ Սահմանափակեք աղով հարուստ նախուտեստների և վերամշակված մթերքների օգտագործումը:

♦ Ուշադրություն դարձրեք սննդամթերքի պիտակներին և ընտրեք ավելի քիչ նատրիում պարունակող ապրանքներ:

♦ Ձեր սննդակարգում ավելացրեք մրգերի և բանջարեղենի քանակը: