Գարնանային ալերգիաներ. ինչպես նվազեցնել ազդեցությունը
ապրիլի 30, 2026
Գարունը հազարավոր մարդկանց համար ալերգիկ հիվանդությունների սրման սեզոն է։ Օդում կտրուկ ավելանում է տարբեր ծաղկափոշու քանակը, ինչը սեզոնային ալերգիաների հիմնական պատճառներից է։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ աշխարհում յուրաքանչյուր 3-րդ մարդ կյանքի ընթացքում ունենում է ալերգիկ հիվանդություն, և դրանց տարածվածությունը շարունակում է աճել։
Որո՞նք են գարնանային ամենատարածված ալերգիկ հիվանդությունները
♦ Ալերգիկ ռինիտ` հաճախակի փռշտոցներ, քթի քոր և փակվածություն, քթահոսություն
♦ Ալերգիկ կոնյուկտիվիտ` աչքերի քոր և կարմրություն, արցունքահոսություն, ավազի զգացում
♦ Բրոնխիալ ասթմայի սրացումներ` շնչահեղձություն , սուլոց շնրառություն, գիշերային կամ երկարատև հազ
♦ Մաշկային ալերգիաներ` քոր, ցան, եղնջացան, մաշկի չորություն և գրգռվածություն
Այս ախտանիշները կարող են ազդել քնի, աշխատունակության, երեխաների ուսման և ընդհանուր կյանքի որակի վրա։
Ե՞րբ կարող է ալերգիան դառնալ վտանգավոր
Որոշ դեպքերում ալերգիան կարող է առաջացնել անաֆիլաքսիա՝ կյանքին վտանգ սպառնացող վիճակ։ Զգուշացնող նշաններն են՝ շնչառության դժվարացում, կոկորդի կամ լեզվի այտուց, գլխապտույտ կամ գիտակցության կորուստ, արյան ճնշման կտրուկ անկում: Այս դեպքում անհրաժեշտ է անմիջապես դիմել շտապ օգնության։
Ինչպե՞ս նվազեցնել գարնանային ալերգիայի ազդեցությունը
♦ Քամոտ և չոր օրերին սահմանափակեք երկար զբոսանքները
♦ Դրսից տուն մտնելիս փոխեք հագուստը և լվացվեք
♦ Լվացեք մազերը երեկոյան՝ ծաղկափոշին հեռացնելու համար
♦ Օդափոխեք տունը անձրևից հետո կամ երեկոյան ժամերին
Մի զբաղվեք ինքնաբուժմամբ։ Հակաալերգիկ դեղերի սխալ օգտագործումը կարող է անարդյունավետ լինել կամ առաջացնել կողմնակի ազդեցություններ։
Ախտանիշների առկայության դեպքում դիմե՛ք մասնագետի։
Ժամանակակից բժշկությունն առաջարկում է արդյունավետ բուժում, իսկ ճիշտ ընտրված թերապիան թույլ է տալիս լիարժեք վերահսկել հիվանդությունը և պահպանել ակտիվ կյանքը։
ԱՆ խորհրդատու ալերգոլոգիայի գծով
Արմինե Հակոբյան