Առողջությունը շարժման մեջ է
մարտի 18, 2026
Ֆիզիկական ակտիվությունն առողջ ապրելակերպի հիմնական բաղադրիչներից է և կարևոր դեր ունի մարդու առողջության պահպանման և հիվանդությունների կանխարգելման գործում։ Այն ներառում է ցանկացած շարժում՝ քայլելը, վազելը, հեծանիվ վարելը, սպորտով զբաղվելը կամ նույնիսկ առօրյա ակտիվ տեղաշարժը։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով՝ կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը զգալիորեն նվազեցնում է մի շարք ոչ վարակիչ հիվանդությունների զարգացման ռիսկը, այդ թվում՝ սրտանոթային հիվանդությունների, շաքարային դիաբետի և որոշ քաղցկեղների։ Միաժամանակ այն նպաստում է հոգեկան առողջության բարելավմանը և կյանքի որակի բարձրացմանը։
Կանոնավոր շարժումն օգնում է՝
♦ պահպանել և կարգավորել մարմնի քաշը,
♦ նվազեցնել արյան ճնշումը և բարելավել նյութափոխանակությունը,
♦ ամրացնել ոսկրային և մկանային համակարգերը,
♦ նվազեցնել սթրեսը, անհանգստությունը և ընկճվածության դրսևորումները,
♦ բարելավել քնի որակը և ինքնազգացողությունը։
Ֆիզիկապես ակտիվ լինելը կարևոր է տարիքային բոլոր խմբերի համար՝ երեխաներից մինչև տարեցներ։ Առողջության պահպանման համար ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս՝
• մեծահասակներին շաբաթական առնվազն 150–300 րոպե չափավոր ինտենսիվության ֆիզիկական ակտիվություն,
• կամ 75–150 րոպե բարձր ինտենսիվության ակտիվություն,
• ինչպես նաև շաբաթական առնվազն 2 օր մկաններն ամրացնող վարժություններ։
Երեխաներին և դեռահասներին խորհուրդ է տրվում օրական առնվազն 60 րոպե ֆիզիկական ակտիվություն։ Ֆիզիկական ակտիվությունը պարտադիր չէ սահմանափակվի մարզասրահով կամ սպորտով։ Այն կարող է լինել նաև՝
♦ քայլելն ու հեծանիվ վարելը,
♦ տնային կամ այգու աշխատանքները,
ակտիվ խաղերը։
Նույնիսկ փոքր փոփոխությունները կարող են ունենալ զգալի ազդեցություն առողջության վրա։ Օրինակ՝ ավելի հաճախ քայլելը, աստիճաններով բարձրանալը կամ նստակյաց ժամանակը կրճատելը կարող են բարելավել առողջական ցուցանիշները։