Աշխատանքային այց` Կորեայի Հանրապետություն
մարտի 25, 2026
Առողջության ապահովագրության համակարգի միջազգային առաջատար փորձին ու գործնական կիրառմանը տեղում ծանոթանալու, հնարավոր լավագույնը մեր երկրում տեղայնացնելու նպատակով Կորեայի Հանրապետություն էր մեկնել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Աստղիկ Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էին նաև Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Խարազյանը և հիմնադրամի ղեկավար կազմը:
Առողջության ապահովագրական փաթեթի ձևավորումից մինչև ծառայությունների գների սահմանման մեխանիզմներ, վճարային համակարգերի կառուցվածքից մինչև դեղերի գնագոյացման քաղաքականություն և ոչ միայն. համակարգի կայուն կառավարման գործիքների վերաբերյալ գրեթե ամենը քառօրյա աշխատաժողովի հիմնական թեմաներն էին:
«Այս աշխատաժողովը, ամենևին էլ, հերթական ակադեմիական միջոցառում չէ, այն կարևոր քայլ է մեր երկրում համընդհանուր առողջապահության ապահովագրության համակարգի պարբերաբար բարելավման գործում։ Ապահովագրական համակարգի գործարկման, որակի ապահովման, թվային առողջապահության և ֆինանսական կայունության վերաբերյալ այստեղ ստացած մեր փորձառությունն անմիջականորեն կնպաստի մեր բարեփոխումների իրագործմանը և մեր առողջապահական համակարգի ամրապնդմանը»,- նշել է առողջապահության նախարարի տեղակալ Աստղիկ Գրիգորյանը։
Կորեայի հաջողված մոդելը գործնական կիրառման մեջ տեսնելու համար մեր պատվիրակները եղել են նաև Սեուլի մի շարք առողջապահական հաստատություններում, մասնավորապես՝ Իլսանդոնգ-գու հանրային առողջության կենտրոնում և Կորեայի ազգային առողջապահական ապահովագրության ծառայության Իլսան հիվանդանոցում:
Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի բարելավման շարունակականությունն ապահովելու նպատակով մեր մասնագետները պարբերաբար ունենալու են հնարավորություն` տեղում ծանոթանալու միջազգային առաջատար փորձին: