Առողջության առաջնային պահպանման օղակի բարեփոխում
հուլիսի 08, 2025
Նոր, համակարգված, բարեփոխված ու վստահելի առողջության առաջնային պահպանման օղակ. Առողջապահության նախարարութունը կարևորում է պետական միջոցների կենտրոնացմամբ` առողջության առաջնային պահպանման օղակի հզորացման միջոցով բուժհաստատությունների միջև ծանրաբեռնվածության ճիշտ բաշխումը: Այդ նպատակով առաջիկայում կապիտալ ծախսերի գերակա մասը կուղղվի մարզային պոլիկլինիկաների ամբողջական վերանորոգմանն ու վերազինմանը: Պետությունը երաշխավորում է առաջնային օղակում գրանցված բնակչության արտահիվանդանոցային ԱՆՎՃԱՐ բժշկական օգնությունը: Առողջության առաջնային պահպանման օղակի կարևորագույն գործառույթներից մեկը ոչ թե բուժելը, այլ կանխարգելելն է: Կանխարգելելու համար պետք է արդյունավետ և բարեփոխված առաջնային օղակ:
Առողջության առաջնային պահպանման օղակի խնդիրները վերհանելու ու լուծումներ գտնելու համար ստեղծվել է աշխատանքային խումբ: Առողջության առաջնային պահպանման օղակում բոնուսային համակարգի ներդրմամբ միանգամից մի քանի խնդիր է լուծվում` պոլիկլինիկական ծառայությունների որակի բարելավում, այս օղակի բուժաշխատողների մոտիվացիայի, ինչպես նաև աշխատավարձի բարձրացում, կանխարգելիչ բժշկության խթանում ու հիվանդանոցների ծանրաբեռնվածության նվազում:
Հասանելի, արդիական, պացիենտի կարիքներին միտված, ծախսարդյունավետ և բարձր որակի առողջապահական ծառայությունների մատուցումն առողջապահության նախարարության վերջին տարիների գերակայություններից է, իսկ առողջության առաջնային պահպանման օղակի հզորացումը՝ դրա նախապայման: