ՀՀ ԱՆ թեժ գիծ՝ 8003,
Տեղեկատու հեռ.` (+374 60) 80 80 03 /1400/։
«Ցրված Սկլերոզ» հիվանդության բուժման ծրագիր
Ծրագրի մասին
Ծրագրի շրջանակում նախատեսված է «Ցրված սկլերոզ» հիվանդություն ունեցող պացիենտներին «Գլատիրամեր», «Դիմեթիլֆումարատ», «Ինտերֆերոն բետտա 1a» և «Օկրելիզումաբ» դեղերի տրամադրում՝ լրիվ փոխհատուցմամբ։
ՀՀ Կառավարության որոշմամբ՝ «Ցրված սկլերոզ» հիվանդությունը ընդգրկվել է այն հիվանդությունների ցանկում, որի առկայության դեպքում ամբուլատոր-պոլիկլինիկական, դիսպանսերային և հիվանդանոցային բժշկական հաստատությունների միջոցով դեղերը պացիենտներին հատկացվում են դրանց արժեքի լրիվ փոխհատուցմամբ:
- «Օկրելիզումաբ» դեղը հատկացվում է տարեկան առավելագույնը 4 սրվակ քանակով, այսինքն` վեց ամիսը մեկ անգամ 2 սրվակ:
- «Գլատիրամեր», «Դիմեթիլֆումարատ» և «Ինտերֆերոն բետտա 1a» դեղերը տրամադրվում են պացիենտներին առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների կողմից ըստ պացիենտի վարող բժշկի նշանակման թերթիկի։
Հիվանդի ախտորոշումը բժշկական կազմակերպությունում հաստատվում է բուժող բժշկի, բաժնի վարիչի կողմից։ Բժշկական կազմակերպությունները Առողջապահության նախարարություն են ներկայացնում «Ցրված սկլերոզ» հիվանդություն ունեցող հիվանդների վերաբերյալ դեղերի առաջին հատկացումը իրականացնելու համար անհրաժեշտ տվյալներ: Տվյալների ամփոփումից հետո, Առողջապահության նախարարության կողմից իրականացվում է «Գլատիրամեր», «Դիմեթիլֆումարատ», «Ինտերֆերոն բետտա 1a» դեղերի բաշխում` բժշկական կազմակերպություններին եռամսյակային, իսկ անհրաժեշտության դեպքում ամսական կտրվածքով:
Բժշկական կազմակերպությունները սկսած տարեսկզբից (յուրաքանչյուր եռամսյակ)` մինչև հաջորդ եռամսյակի առաջին ամսվա 20-ը Առողջապահության նախարարություն են ներկայացնում հաշվետվություններ` բժշկական կազմակերպություններում դեղերի առկա մնացորդների, ծախսի, հաշվառված հիվանդների թվի, հիվանդի տվյալների, բնակության վայրի, հատկացված դեղի քանակի վերաբերյալ:
Ովքե՞ր կարող են դիմել
Ծրագրի շահառու կարող են դառնալ «ցրված սկլերոզ» ունեցող այն հիվանդները, որոնք ունեն «Գլատիրամեր», «Դիմեթիլֆումարատ», «Ինտերֆերոն բետտա 1a» և «Օկրելիզումաբ» դեղերով բուժման կարիք:
Դիմելու կարգ
Ծրագրի շահառուները անհրաժեշտ փաստաթղթերով դիմում են համապատասխան բժշկական հաստատություններ։
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ծրագրի շրջանակներում տրամադրվող բժշկական օգնության և սպասարկման համար հիմք են հանդիսանում հետևյալ փաստաթղթերը`
- Հիվանդի էպիկրիզ,
- Հիվանդի անձնական տվյալներ (անձնագրի պատճեն կամ անհատական քարտի պատճեն),
- Հիվանդի կոնտակտային տվյալներ:
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2024 թվականի մայիսիի 30-ի թիվ 2990-Լ հրաման:
ՀՀ ԱՆ թեժ գիծ՝ 8003,
Տեղեկատու հեռ.` (+374 60) 80 80 03 /1400/։