Օտարերկրյա պետության բժշկական հաստատության տված ժամանակավոր անաշխատունակության թերթիկի (այլ բժշկական փաստաթղթի) հիման վրա քաղաքացուն կառավարության սահմանած ժամանակավոր անաշխատունակության թերթիկ տրամադրելու կարգը

օգոստոսի 22, 2025

1.Օտարերկրյա պետության բժշկական հաստատության տված ժամանակավոր անաշխատունակության թերթիկի կամ ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածը հաստատող այլ բժշկական փաստաթղթի հիման վրա կառավարության սահմանած ժամանակավոր անաշխատունակության թերթիկ տրամադրելու գործընթացը հաստատված է ՀՀ կառավարության 14.07.2011թ. թիվ 1024-Ն որոշմամբ հաստատված հավելված 6-ով:
2. Օտարերկրյա պետության բժշկական հաստատության տված ժամանակավոր անաշխատունակության թերթիկի կամ բժշկական փաստաթղթի հիման վրա ՀՀ-ում ժամանակավոր անաշխատունակության թերթիկ տրամադրելու համար քաղաքացին առողջապահության նախարարություն է ներկայացնում`
1) հյուպատոսական վավերացմամբ, միջազգային պայմանագրով նախատեսված դեպքում` ապոստիլի հիման վրա վավերացված ժամանակավոր անաշխատունակության թերթիկ կամ ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածը հաստատող այլ բժշկական փաստաթուղթ և դրա նոտարական կամ հյուպատոսական կարգով վավերացված թարգմանությունը,
2) անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների դեպքում` զինանշանի պատկերով կնիքով կամ ապոստիլի հիման վրա վավերացված ժամանակավոր անաշխատունակության թերթիկ կամ այլ բժշկական փաստաթուղթ և դրա նոտարական կամ հյուպատոսական կարգով վավերացված թարգմանությունը,
3) անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների բժշկական հաստատության բժշկական փաստաթուղթն առանց զինանշանի պատկերով կնիքի կամ առանց ապոստիլի լինելու դեպքում առողջապահության նախարարությունը բժշկական փաստաթղթերի իսկությունը և համապատասխանությունը պարզում է գրավոր հարցումով` հարցում կատարելու վերաբերյալ դիմումատուի կողմից նախարարությանը տրված նոտարի վավերացրած լիազորագրի հիման վրա (լիազորագրի ձևը տրամադրում է առողջապահության նախարարությունը):
3. Բացի նշված բժշկական փաստաթղթերից, քաղաքացին առողջապահության նախարարություն է ներկայացնում դիմում` նշելով այն առողջության առաջնային պահպաանման ծառայություններ մատուցող բժշկական հաստատությունը, որտեղ սահմանված կարգով գրանցված է, և անձը հաստատող փաստաթղթի պատճենը: